1918թ. հունվարի 18-ին (հին տոմարով՝ հունվարի 5-ին) Պետրոգրադում գումարվեց երկար սպասված Հիմնադիր ժողովը, որը պետք է կազմավորեր Ռուսաստանի քաղաքական իշխանությունը եւ լուծում տար ճակատագրական նշանակություն ունեցող բազմաթիվ հարցերի։

715 պատգամավորից միայն 170-ն էին բոլշեւիկ եւ 40-ը՝ ձախ էսէռ, որոնք աջակցում էին մեծամասնականներին։ Մանդատների կեսից ավելին պատկանում էր աջ էսէռներին, իսկ մենշեւիկները հազիվ 15 մանդատ ունեին, այն էլ ստացել էին գլխավորապես Անդրկովկասից։ 

Անդրկովկասում մենշեւիկները քաղաքական մեծ ազդեցություն ունեին։ Պատմաբան Լեոն նշում էր, որ Կովկասյան երեք ժողովուրդներից քաղաքականապես առավել պատրաստված էին վրացիները. մենշեւիկ սոցիալ-դեմոկրատները հեղինակություն ունեին ոչ միայն Անդրկովկասում, այլեւ ողջ Ռուսաստանում եւ նշանակալի դերակատարություն էին ունեցել 1917թ. փետրվարյան հեղափոխության ինչպես կազմակերպման, այնպես էլ իրականացման գործում։

«Վրաց սոցիալ-դեմոկրատիան առաջացրել էր մի շարք կարող եւ ընդունակ գործիչներ։ Այսպես էին, օրինակ, Չխեիձեն, բուրժուական հեղափոխության հրամանատարը Ռուսաստանում եւ Ծերեթելին, որին անվանում էին ռուսաց հեղափոխության գեղեցկություն։ Սրանք գործում էին Պետերբուրգում, բայց բուն Վրաստանում էլ պակաս չէր նշանավոր դեմքերի թիվը՝ Նոյ Ժորդանիա, Գեգեչկորի, Ռամիշվիլի, Չխենկելի եւ ուրիշներ» (Լեո, Անցյալից, Երեւան, 1925թ., էջ 353)։ Սա Անդրկովկասյան կոմիսարիատում, հետագայում նաեւ՝ Սեյմում, վրացիների ունեցած ազդեցիկ դիրքի պատճառներից մեկն էր։

Հիմնադիր ժողովի առաջին եւ վերջին նիստում բոլշեւիկները հայտարարություն են անում, որով պահանջում են Ռուսաստանի միակ եւ գերագույն իշխանություն ճանաչել բանվորների, գյուղացիների ու զինվորների խորհուրդները, ինչպես նաեւ վերացնել մասնավոր սեփականությունը, պետականացնել բանկերն ու ֆինանսական համակարգը, մտցնել պարտադիր աշխատանքի սկզբունքը եւ այլն։

«Պահակախումբը հոգնել է, քնել է ուզում»

Հիմնադիր ժողովը քվեարկությամբ մերժում է բոլշեւիկների նախագիծը, որից հետո ընթերցվում է Հիմնադիր ժողովը լուծարված հայտարարելու մասին Լենինի դեկրետը։ Բոլշեւիկներն ու ձախ էսէռները լքում են Տավրիկյան դահլիճը, իսկ մնացած ժողովականները շարունակում են աշխատել։ Լուսադեմին՝ ժամը 4-ն անց 20-ին, քննարկվում էր հողի հարցը, երբ դահլիճ է մտնում նավաստի Ժելեզնյակովը, մոտենում է ժողովի նախագահ Չեռնովին եւ ասում, որ նիստը պետք է ընդհատել, քանի որ պահակախումբը հոգնել է եւ ուզում է քնել։ Ժելեզնյակովի այս արտահայտությունը դարձել է հեղափոխության թեւավոր խոսքերից մեկը։ Այս միջադեպը տարբեր կերպ է նկարագրվում, եւ մենք կներկայացնենք այնպես, ինչպես 100 տարի առաջ տպագրվել է հայկական թերթերում։

«Մշակ», 30 հունվարի, 1918թ., թիվ 21

«Անսպասելի կերպով նրան (Չեռնովին) մոտենում է մի նավաստի, ձեռքը դնում է թիկունքին եւ ասում է.

- Ես հրահանգ եմ ստացել հայտնելու ձեզ, որ բոլոր ներկա եղողները հեռանան նիստի դահլիճից, որովհետեւ պահակախումբը հոգնել է...

Չեռնով - Ի՞նչ հրահանգ, ումի՞ց։

Նավաստի - Ես Տավրիկյան պալատի պահակախմբի պետն եմ եւ հրահանգ ունեմ կոմիսարից։

Չեռնով - Հիմնադիր ժողովի բոլոր անդամները նույնպես շատ հոգնել են, բայց ոչ մի հոգնություն չէ կարող ընդհատել հողային օրենքի ընթերցումը, որին սպասում է Ռուսաստանը։ Հիմնադիր ժողովը կարող է ցրվել միայն այն դեպքում, երբ ուժ գործադրվի։

Նավաստի - Ես խնդրում եմ հեռանալ նիստի դահլիճից»։

«Հիմնադիր ժողովը ցիրուցան է արված»

Համո Օհանջանյանը, որ այդ օրերին Ռոստովում էր, հեռագրով Կովկաս էր հաղորդում քաղաքում տեղի ունեցող իրադարձությունները։ «Հիմնադիր ժողովը ցիրուցան է արված հունվարի 6-ին։ Տեղեկություններ կային Ծերեթելիի ու Չեռնովի սպանության մասին, բայց լուրերը չարդարացան։ Կալանավորված են սոցիալիստ-հեղափոխականների (էսէռ) կենտրոնական կոմիտեի անդամները»,- հաղորդում էր նա։

Հիմնադիր ժողովի ցրումից հետո վերջնականապես պարզվում է, որ բոլշեւիկները որեւէ այլ կուսակցության կամ քաղաքական ուժի հետ համագործակցելու մտադրություն չունեն եւ պատրաստվում են միանձնյա կառավարել երկիրը։ Ժողովի կողմնակիցները, հիմնականում՝ էսէռները, հեռանում են Պետրոգրադից եւ Ռուսաստանի տարբեր շրջաններում փորձում նոր կառավարություն եւ ուժեր կազմել բոլշեւիկների դեմ պայքարելու համար։ Առջեւում երկարատեւ ու արյունալի քաղաքացիական պատերազմն էր։

Ամեն քայլ՝ Գերմանիայի եւ Թուրքիայի հետ հաշտություն կնքելու համար

Հիմնադիր ժողովի ցրումը մեծ դժգոհությամբ ու տագնապով է ընդունվում Անդրկովկասում։ Հիմնական մտահոգությունը Բրեստ-Լիտովսկում ընթացող խաղաղության բանակցություններն էին, որոնք ամեն պահի կարող էին ունենալ անցանկալի շրջադարձ։

«Պարզ է, որ Սահմանադիր ժողովի ցրումից հետո Պետրոգրադի փողոցներում ծայր տված կռիվը լայն ալիքներով պիտի տարածվի բովանդակ երկրում եւ Լենինի կառավարությանը զուգահեռ կկազմվի մի նոր կառավարություն, որի շուրջ կհամախմբվեն ոչ բոլշեւիկ տարրերը»,- գրում էր «Հորիզոնը»։ Լենինը եւ Տրոցկին նաեւ ամեն քայլի կդիմեին Գերմանիայի ու Թուրքիայի հետ արագորեն հաշտություն կնքելու համար։ «Գերմանիան կթելադրե հաղթողի իր կամքը, եւ մենք ստիպված կլինենք առանց ձայն ու ծպտուն հանելու ընդունել»,- եզրակացնում էր թերթը։ Ժամանակը ցույց տվեց, որ այս մտահոգությունը լիովին արդարացված էր, եւ ցավալի դեպքերը զարգանում էին հենց այս տրամաբանությամբ։

Անդրկովկասյան սեյմի ստեղծումը

Հիմնադիր ժողովի ձախողումից հետո Անդրկովկասում որոշվում է ստեղծել կառավարման նոր մարմին, որը պետք է ձեւավորվեր Սահմանադիր ժողովի ընտրված պատգամավորներից։ Այդ մարմինն ունենալու էր խորհրդարանական դերակատարություն եւ, ըստ կարծիքների, Անդրկովկասի երեք ժողովուրդների համար ավելի արդյունավետ կառավարում էր ապահովելու։

«Հունվարի 12-ին երկրային կենտրոնը ինքը եկել է այն եզրակացության, որ հարկավոր է վերակազմել երկրային իշխանությունը, այն է՝ այդ իշխանությունը պետք է կազմել Հիմնադիր ժողովի համար ընտրված Անդրկովկասի պատգամավորներից։ Ուրիշ խոսքերով՝ առաջարկվում է կազմակերպել Անդրկովկասյան սեյմ»,- գրում էր Համբարձում Առաքելյանը 1918թ. հունվարի 18-ին։

Անդրկովկասի սոցիալ-դեմոկրատները (մենշեւիկները) գտնում էին, որ Սեյմը պետք է կազմվեր ոչ թե միայն Հիմնադիր ժողովի համար ընտրված 36 պատգամավորից, այլ ավելի շատ թվով ներկայացուցիչներից՝ «ընդունելով ամեն մի 5 կամ 10 հազար ընտրողից մեկ պատգամավոր»։

Անդրկովկասյան կոմիսարիատի նախագահ Եվգենի Գեգեչկորին հայտարարում էր, որ «եկել է այն րոպեն, երբ մենք պետք է հանձնենք մեր լիազորությունները»։ Նա փաստում էր, որ Կոմիսարիատը չի կարողացել լուծել իր առջեւ դրված խնդիրները, որոնց պատճառներից մեկն էլ Կոմիսարիատին զուգահեռ ստեղծված Ազգային խորհուրդներն էին, որոնք առավել մեծ հեղինակություն էին վայելում։ Գեգեչկորին նաեւ հայտնում է, որ Անդրկովկասը ֆինանսական աղետի եզրին է։

Յուրաքանչյուրը իր էշն էր քշում

Հունվարի 22-ին տեղի է ունենում Անդրկովկասի նոր մարմնի՝ Սեյմի հիմնադրման ժողովը, որին մասնակցում էին 42 պատգամավորներից 22-ը։ Նիստը բացում է Անդրկովկասյան կոմիսարիատի նախագահ Եվգենի Գեգեչկորին եւ հայտնում, որ Կոմիսարիատը վայր է դնում լիազորությունները։ Ժողովի նախագահ է ընտրվում Չխեիձեն։

 

Նոյ Ժորդանիան իր ելույթում հայտնում է, որ բոլորն էլ Հիմնադիր ժողովի ընտրված պատգամավորներ են եւ պետք է լինեին Պետրոգրադում՝ Տավրիկյան պալատում։ Սակայն, քանի որ Հիմնադիր ժողովը չի գումարվել, իսկ Անդրկովկասում կան անհետաձգելի խնդիրներ, իրենք որոշում են ձեւավորել իշխանություն։ Ժորդանիան առաջարկում էր Անդրկովկասի յուրաքանչյուր 20 հազար բնակչի հաշվարկով Սեյմում ընդգրկել 1 պատգամավոր։ «Այդպիսի կազմը ավելի կենսունակ կլինի, որովհետեւ նրա մեջ կմտնեն կյանքի մոտ մարդիկ, ժողովրդական ամեն խավերից»,- ասում էր նա։

 

Գեգեչկորին եւ Բերիան

Եվգենի Գեգեչկորին Լավրենտի Բերիայի կնոջ՝ Նինա Բերիայի (Գեգեչկորի) հորեղբայրն էր:

Պատմաբան Նիկոլայ Նադը պնդում է, որ Հայրենական մեծ պատերազմի ամենաթեժ փուլում, երբ գերմանացիների հաղթանակն անխուսափելի էր թվում, Բերիան սկսել էր Եվգենի Գեգեչկորիի միջոցով ակտիվորեն զարգացնել կապերը Վրաստանի վտարանդի կառավարության (այսպես կոչված՝ «Փարիզյան կենտրոնի») հետ:

«Աշխատելով արխիվային նյութերի հետ, ես բացահայտեցի, որ Ստալինը կասկածում էր Բերիային հակապետական մտադրությունների մեջ եւ պատրաստվում էր ձերբակալել նրան: Ստալինը տեղյակ էր, որ Գեգեչկորին, փախչելով Ֆրանսիա, շարունակում էր կապ պաշտպանել Բերիայի հետ եւ նրա միջոցով փորձում էր կազմակերպել «վրաց ժողովրդի համար օգտակար» գործողություններ»,- գրում է Նիկոլայ Նադը:


Արխիվներում պահպանվել է մի նամակ, որը Գեգեչկորին ուղարկել էր Բերիային 1946 թվականի ապրիլի 25-ին: Նամակում Վրաստանի նախկին արտաքին գործերի նախարարը գրում էր.

«...Ես եկել եմ այն եզրահանգմանը, որ ազգային ազատության համար պայքարում Վրաստանը չի կարող հույսն Արեւմուտքի վրա դնել…Կարծում եմ, ասվածը բավական է, որպեսզի դու հասկանաս, որ նման հարցադրումը հետագա քայլերի բանալին է…Հուսով եմ, այս հարցին մենք դեռ կանդրադառնանք...»:

Սակայն Նինա Բերիան ժխտում էր այն փաստը, որ իր ամուսինը կապ էր պահում Գեգեչկորիի հետ: Ահա մի հատված այն նամակից, որը Նինան ուղարկել էր Նիկիտա Խրուշչովին 1954 թվականի հունվարի 7-ին:

«...Ինձ մեղադրանք է առաջադրվել իմ ազգականի՝ Փարիզ արտագաղթած վրաց մենշեւիկ Գեգեչկորիի հետ նամակագրության համար: Ես նրան չեմ ճանաչել, նա իմ ազգականը չէ, եւ ես նրա հետ ուրեւէ նամակագրություն չեմ ունեցել…»:

Սեյմի հետ գրեթե միաժամանակ Անդրկովկասում ձեւավորվում էին Ազգային խորհուրդները, որոնք իրենց վրա էին վերցնում հայերի, թաթարների եւ վրացիների գործնական խնդիրների իրականացումը։ Բացի արտաքին վտանգներից եւ Ռուսաստանի հանդեպ դիրքորոշումից, երեք ժողովուրդներն ունեին ներքին խնդիրներ, որոնց մեջ առաջնային նշանակություն ուներ սահմանների եւ Թուրքիայի հանդեպ վերաբերմունքը։

Ռուբեն Տեր-Մինասյանն իր հուշերում այսպես է նկարագրում ստեղծված իրադրությունը.

«Անդրկովկասյան իշխանությունն էլ հիմնովին կերպարանափոխվեց։ Ազգերը իրենց հավաքած ձայների համեմատությամբ կազմակերպեցին Անդրկովկասյան Սեյմը, որից հետո ձեւական էին դառնում կենտրոնական իշխանության ներկայացուցիչներն ու պաշտոնյաները։ Անդրկովկասյան ժողովուրդները իրենք իրենց բախտը որոշողները պիտի լինեին»:

Ռուբեն Տեր-Մինասյանի ակնոցը

Ռուբեն Տեր-Մինասյանի անձնական իրերից քիչ բան է հասել Հայաստան: ՀՅԴ պատմության թանգարանում պահվում է նրա ակնոցը, որը կրել է կյանքի վերջին տարիներին, երբ բնակվում էր Ֆրանսիայում: Ռուբեն Տեր-Մինասյանը, որոշելով հանգստի անցնել, ընտանիքի հետ Փարիզ էր տեղափոխվել 1948-ից, սակայն քաղաքական գործունեությունից ամբողջովին չէր հրաժարվել եւ այնտեղ մասնակցում էր հակաբոլշեւիկյան շարժմանը: Երկու տարի անց նա մահանում է, իսկ աճյունն ամփոփում են Փարիզի Պեր Լաշեզ գերեզմանատանը՝ 13874 համարի ներքո։

«Շահերի հակամարտության, թե կարճատեսության շնորհիվ Անդրկովկասի երեք ժողովուրդներից ստեղծված օրենսդիր եւ վարչական իշխանությունը դարձավ մի անդամալույծ մարմին։ Յուրաքանչյուրը իր էշն էր քշում եւ միայն ձեւ էր Անդրկովկասյան մի իշխանության գոյության փաստը։ Հոն կվիճեին, կկարգադրեին, բայց իրական գործը եւ կարգադրողը լինում էր Ազգային խորհուրդը»։ (Ռուբէն, Հայ յեղափոխականի մը յիշատակներ, հ. 7, Երեւան, 1990թ.)։

 

***

 

Նախագծի վրա աշխատել են՝ Միքայել Յալանուզյանը, Մարի Թարյանը, Լուսինե Ղարիբյանը

Ձեւավորումը՝ Աննա Աբրահամյանի, Թամար Դանիելյանի

Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան

«Հանրապետություն»Մեդիամաքս մեդիա-ընկերության հատուկ նախագիծն է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Նախագծի բացառիկ գործընկերը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն է:

Մեդիամաքսը շնորհակալություն է հայտնում է ՀՅԴ պատմության թանգարանին՝ տրամադրած լուսանկարների եւ նախագծին աջակցելու համար: